«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՄԱՑԱՎ, ԹԵ ԻՆՉ ԵՆ ԻՐԵՆՑԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ»

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՄԱՑԱՎ, ԹԵ ԻՆՉ ԵՆ ԻՐԵՆՑԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ»
05.03.2010 | 00:00

«Վերջին շրջանում նորից բավականին ակտիվ քննարկվում է Հայաստանի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական իրավիճակը,- երեկ «Իրավունք de facto» ակումբում ասաց Ազգային ժողովում ՀՀ նախագահի ներկայացուցիչ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ:
- Իշխանության ցանկացած աշխատանք գնահատելիս նախ պետք է պարզենք` ի՞նչ ժառանգություն է բաժին հասել իշխանությունը ստանձնելիս, ի՞նչ վիճակում ենք հիմա, և ի՞նչ հեռանկարներ են սպասվում: Բոլորդ շատ լավ գիտեք` 2008 թվականն ինչպես սկսվեց թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքաղաքական ասպարեզներում, ինչպես ընթացան ընտրությունները, ներքաղաքական իրավիճակի ինչ լարվածություն առաջացավ: Այդ ամենից հետո ՀՀ նախագահի առաջին կոչը միասնությանն ու երկիրը ներքաղաքական ճգնաժամից դուրս բերելուն էր վերաբերում: Ցավոք, պետք է խոստովանել, որ այն ժամանակ ընդդիմությունը մեկնած ձեռքը չընդունեց, հետագայում տեսաք, որ երկու տարում բոլոր խնդիրներն իրենց լուծումները գտան: Ցավոք, նախագահի գործունեությունն սկսվեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով, ինչն անպայմանորեն պիտի ազդեր նաև Հայաստանի տնտեսության վրա»:
Գառնիկ Իսագուլյանը փաստեց, որ 2008-ին արտաքին քաղաքական բնագավառում Հայաստանի հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացն է եղել. «Ճիշտ է, բանակցություններ էին տարվում նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ, բայց այդ ամենը փակ տիրույթում էր»: «Հանրապետության նախագահի նախաձեռնություններից ամենակարևորն այն էր,- շեշտեց բանախոսը,- որ ամենասկզբից հայտարարվեց` ազգային-պետական նշանակության որևէ խնդիր հասարակությունից գաղտնի չի մնալու, հասարակությունն անպայման տեղյակ է լինելու զարգացումների ընթացքին և նախօրոք իմանալու է այն լուծումները, որոնք սպասվում են: Ղարաբաղյան հիմնահարցի առնչությամբ սեղանին դրված էին մադրիդյան սկզբունքները, որոնց շուրջ լայն քննարկում եղավ, փաստորեն, եթե ոչ ուղղակի, ապա տարբեր աղբյուրներից հասարակությունն իմացավ, թե ինչ են իրենցից ներկայացնում մադրիդյան սկզբունքները, ինչ են պարունակում և ինչ ընթացք կարող են ունենալ»:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահն ասաց, որ գաղտնազերծվեցին բանակցությունները և հասարակական լայն քննարկման դրվեցին փաստաթղթերը, ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնք սկզբնական շրջանում լուրջ տարաձայնությունների տեղիք էին տալիս: «Չի կարելի ասել, որ իշխանությունները նման զարգացումները բացառում էին: Անցյալ տարի չորս գիրք է հրատարակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: Թե՛ ԼՂ հիմնախնդրի, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ այսօրվա գնահատականներն իրականությունից ամբողջությամբ կտրված են: Օրինակ, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ եղան բավականին լայն քննարկումներ ինչպես հասարակության լայն, այնպես էլ նեղ շրջանակներում: Միայն նախագահի աշխատակազմին առընթեր քաղաքական հետազոտությունների կենտրոնում եղան տասնյակ քննարկումներ, որոնց մասնակցում էին տարբեր դիրքերից հանդես եկող քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, կուսակցությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, թուրքագետներ:
Այդ քննարկումների ժամանակ շատ ավելի սուր հարցեր էին բարձրացվում, քան որևէ մեկը կարող էր պատկերացնել։ Բազմաթիվ քննարկումներ են եղել հենց նախագահի նստավայրում ու նրա մասնակցությամբ: Այդ քննարկումներում էլ տարբեր տեսակետներ էին հնչում, նաև` հարաբերությունները միարժեքորեն մերժող, ստորագրված փաստաթղթերը վաղաժամ համարող Հայաստանի Հանրապետության նպատակներին անհամապատասխան որակող: Բոլոր ելույթներն ուշադիր լսվում էին, նախագահի հանձնարարականով ուսումնասիրվում: Եթե գնահատենք այսօրվա իրավիճակը թե՛ ԼՂ հիմնախնդրի, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, բավական է կարդալ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Դավուդօղլուի վերջին հարցազրույցը, որտեղ հստակ ասվում է, որ այն ժամանակ իրենք չէին կարող որևէ նախապայման դնել, որովհետև դա կնշանակեր, որ Հայաստանը ևս նախապայմաններ է առաջադրելու: ՈՒստի այսօր տարվող բոլոր խոսակցությունները հիմնազուրկ եմ համարում: Չնայած ունենք ՍԴ-ի որոշումը, որը գործադիր իշխանության համար պարտադիր կատարման է ենթակա, և եթե վաղը-մյուս օրը Թուրքիայի Ազգային ժողովը և մեր Ազգային ժողովը վավերացնեն արձանագրությունները, հասարակության մեջ եղած մտավախություններն այլևս տեղին չեն լինի:
Ղարաբաղյան հիմնահարցում սեղանի վրա էին մադրիդյան սկզբունքները, որոնք ընդունված էին որպես հիմք: Հիմա, ըստ էության, նոր փաստաթուղթ է դրված` մադրիդյան նորացված սկզբունքները, որոնց վերաբերյալ կողմերին առաջարկվել էր իրենց նկատառումները ներկայացնել: Հայաստանն արել է իր հստակ առաջարկները, մեր տեղեկություններով` մինչ օրս Ադրբեջանի նախագահը որևէ առաջարկ չի ներկայացրել: Երկու հարցերին էլ այսօր առնչվող տեսակետներն ու հոռետեսական տրամադրությունները ես համարում եմ անհիմն: Վերջին շրջանում ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող որևէ հարց չի համարվում կոնկրետ անձանց մենաշնորհը, նախագահը կարողացավ ի սկզբանե ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ այդ կարգի խնդիրների քննարկմանը մասնակից են դառնում հասարակության տարբեր շերտեր, տարբեր մակարդակներում ծավալվում են քննարկումներ: Հայաստանի տեսակետները երկու հարցերի շուրջ նախագահի մակարդակով հստակ ձևակերպվել են, ներկայացվել են այն սահմանները, մինչև ուր Հայաստանը կարող է գնալ այդ խնդիրների լուծման ճանապարհին: Մնացած տեսակետները, մեկնաբանությունները տեղին չեմ համարում»:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1563

Մեկնաբանություններ